Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՁԵՐ ՇԱՆ ԿՂԱՆՔԻ ԳՈՒՅՆԸ

Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՁԵՐ ՇԱՆ ԿՂԱՆՔԻ ԳՈՒՅՆԸ

Ամեն կենդանու տեր քաջ տեղյակ է իր շան կամ կատվի զուգարանի սովորությունների մասին։ Իսկ գիտե՞ք, որ կղանքի գույնը կարող է շատ կարևոր տեղեկություն հաղորդել կենդանու մասին։ 
Բացի կոնսիստենցիայից, կղանքի գույնը նույնպես կարող է տարբերվել։ Գունային փոփոխությունը կարող է կապված լինել թե՛ սննդակարգի փոփոխությամբ, թե՛ առողջական խնդիրներով:

Այս հոդվածում կպատմենք, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է հուշել կղանքի գույնը և ինչու է կարևոր մինչև դեն նետելը, արագ հայացք նետել դրա վրա։ 

Ի՞նչ տեսք պետք է սովորաբար ունենա կղանքը
Մինչ գույներին և դրանց նշանակությանն անցնելը, եկեք հասկանանք, թե ինչ տեսք պետք է ունենա առողջ կենդանու կղանքը՝ 
  • Պինդ, բայց միևնույն ժամանակ մի քիչ մածուծիկ, ինչպես կավը
  • Համապատասխանի օրվա ընթացքում կերածի սննդի չափփաբաժնին
  • Հավաքելուց հետո հիմնականում ոչ մի հետք չպետք է մնա
Ծանո՞թ են հետևյալ երևույթները։ 
Հուսանք՝ այո։ Այժմ եկեք քննարկենք գույները։ 

Գույների նշանակությունը
Շականակագույն - Այս գույնը հատկանշական է առողջ շանը։ Նշանակում է, որ սնունդը բալանսավորված է և չկան մարսողական խնդիրներ։ Եթե շան կղանքն այս գույնի է, կարող եք հանգիստ լինել, նրա աղեստամոքսային գործունեությունը խախտված չէ, և ամեն ինչ կարգին է։

Կանաչ - Այս գույնը կարող է նշանակել, որ Ձեր շունը կերել է չափից շատ խոտ, կամ կանաչ երանգի սնունդ, ինչն էլ անդրադարձել է կղանքի գույնի վրա։ Հետևեք շան պահվածքին և, եթե շարունակական բնույթ է կրում, խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ դա կարող է լեղապարկի կամ լյարդի լուրջ հիվանդության հետևանք լինել։

Դեղին - Դեղնավուն գույնը կարող է առաջանալ, եթե սնունդն արագ է անցնում մարսողական համակարգով։ Նման խնդրի հիմնական պատճառը կարող է լինել սթրեսը, սննդակարգի փոփոխությունը կամ ստամոքսի խանգարումը։ Սովորաբար խնդիրն ինքն իրեն անցնում է։ Սակայն, երբեմն, այս գույնը նույնպես կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել, ինչպիսիք են լյարդի կամ լեղուղիների հիվանդությունները։ Եթե շարունակական բնույթ է կրում, անպայման դիմեք բժշկի։ 

Նարնջագույն - Եթե շան կղանքում նկատում եք նարնջագույն երանգ, դա կարող է նշանակել, որ սննդում առկա են տվյալ երանգի գունանյութեր։ Եթե գույնն անփոփոխ է նույնիսկ սննդակարգի փոփոխությունից հետո, դիմեք բժշկի։ Չհիմնավորված նարնջագույն երանգը կարող է նշան լինել լյարդի, լեղուղիների կամ լեղապարկի հետ կապված խնդիրների։ 

Կարմիր - Կարմիր գույնը կամ հետքերը կարող են արյան առկայության մասին վկայել։ Պատճառ կարող է լինել աղիքային արնահոսությունը կամ, եթե շան մոտ առկա է գրգռվածություն/վնասված ինչ-որ բան կուլ տալու հետևանքով։ Սա շատ վտանգավոր կարող է լինել, այդ պատճառով հարկավոր է անմիջապես դիմել բժշկի՝ ստուգման համար։ 

Մոխրագույն - Մոխրագույն կամ գունատ կղանքը ցույց է տալիս մարսողական համակարգի և ճարպերի կլանման հետ կապված խնդիրները։ Պատճառ կարող է հանդիսանալ լյարդի, ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի խնդիրները։ Խորհրդակցեք բժշկի հետ, հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ 

Սև - Սև գույնը մարսված արյան մասին կարող է վկայել։ Դա կարող է նշան լինել, որ շան մոտ առկա է աղեստամոքսային տրակտի վերին հատվածի արնահոսություն։ Նման դեպքում պետք է շատ արագ դիմել բժշկի և ստանալ անհրաժեշտ օգնություն։ 

Ուշադիր եղեք շան կղանքին
Կղանքի գույները հասկանալը կօգնի բացահայտել մի շարք լուրջ խնդիրներ վաղ շրջանում և ժամանակին դիմել բժշկին։ Հետևելով սննդակարգին և կղանքին Դուք կապահովեք Ձեր շան առողջ և բարեկեցիկ կյանքը։