ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ եՆՔ ՓԻՍՈՅԻՆ ՏԱՆԸ ՄԵՆԱԿ ՄՆԱԼ
Փիսոյի կապը մայրիկի հետ
Փիսոյի կապը մոր հետ անմիջական ազդեցություն ունի վերջինիս վարքի ձևավորման վրա։ Այս կապը փոխադարձ է, քանի որ մայր կատվի համար այդ կապը նույնպես շատ զգացմունքային և ամուր է։ Զգացմունքային այդ կապը նպաստում է ձագուկի մտավոր և ֆիզիկական առողջ աճին։ Փիսոյի վարքի ձևավորումը սկսվում է դեռևս մոր արգանդում։ Արդեն 21 օրականում պտուղը
կարող է զգալ մոր զգացմունքները (արգանդի և աղիների կծկումների շնորհիվ, որոնք առաջանում են սթրեսի հետևանքով), քանի որ այդ շրջանում զարգանում է շոշափելիքի զգայարանը։ Նորածնային շրջանին հաջորդում են անցումային շրջանը, սոցիալականացումը և սեռական հասունացումը։ Ամեն փուլում փիսոն ձեռք է բերում և ընդունում անհրաժեշտ հմտություններ, որոնք հետագայում ձևավորում են վարքագիծը։ Մայր կատուն ձագուկի կյանքում հանդիսանում է հենասյուն և ուսուցիչ՝ աջակցում և սովորեցնում է գլուխ հանել որոշ իրավիճակներում։ Մեծանալով փիսոյի կապը կենսաբանական մոր հետ թուլանում է և դրան փոխարինելու է գալիս նոր ընտանիքի հետ ստեղծված կապը։
Կատվի և տիրոջ կապը կարելի է համեմատել ծնող-զավակ կապի հետ։ Մարդը փիսոյի համար դառնում է հիմնական աջակիցն ու խնամակալը, ինչի հետևանքով էլ ստեղծվում է իրական զգայակական կապ։
Մենակ թողնել փիսոյին։ Ինչպե՞ս
Մինչ նոր ընտանիք տեղափոխվելը, փիսոն օրվա ողջ մասն անց է կացնում իր մոր և մյուս ձագուկների հետ հարազատ միջավայրում։ Տեղափոխվելով նա հանկարծակի զրկվում է սովորական դարձած սոցիալական կապերից և հայտնվում լիովին նոր աշխարհում։ Անցումն ավելի հեշտ կատարելու համար խորհուրդ է տրվում տալ փիսոյին բավականաչափ ժամանակ՝ նոր տունն ուսումնասիրելու համար։ Սովորաբար փիսոյից պահանջվում է մի քանի օր՝ նոր միջավայրին ընտելանալու համար, և մի քանի շաբաթ՝ նոր ընտանիքի անդամների հետ ծանոթանալու համար։ Փիսոյի համար կարևոր է տանն իրեն զգալ անվտանգ և պաշտպանված ընտանիքի անդամների կողմից։ Միայն այս հանգամանքում կարող եք սկսել նրան ընտելացնել տանը միայնակ մնալուն։ Ահա թե ինչպես՝
- Սկսեք կարճ ժամանակով մենակ թողնել՝ օրինակ 10 րոպեով։ Բաժանման ժամանակահատվածը կարելի է աստիճանաբար ավելացնել։
- Սկսեք միայնակ թողել օրվա այն ժամերին, երբ փիսոն ավելի հանգիստ է՝ ուշ առավոտյան կամ վաղ երեկոյան։
- Մինչ տանից դուրս գալը պետք է տեղեկացնել փիսոյին։ Նա պետք է գիտակցի, որ ինչ որ բան է կատարվելու։ “Սիմբա, ես դուրս եմ գալիս, բայց շուտ կվերադառնամ” սա տիպիկ հրաժեշտի նախադասություն է։
- Վերադառնալիս պետք է ողջունել և փաղաքշել փիսոյին։
Օգնենք փիսոյին հեշտ ընտելանալ տանը միայնակ մնալուն
Նոր իրավիճակին ավելի հեշտ ընտելացնելու համար կարող եք օգտագործել նաև հավելյալ միջոցներ՝ ֆերոմոնի ցողիչ, ֆոնային երաժշտություն, կարող եք նաև փիսոյի անկողնում թողնել ընտանիքի անդամներից իր սիրելիի հագուստը։ Խորհուրդ տրվում նաև նկարահանել ընտելացման սկզբնական շրջանը և ուսումնասիրել փափկամազիկի պահվածքը։ Նորմալ է, եթե փիսոն մլավի, մոտենա դռանը կամ փորձի տան անդամներին փնտրել հարևան սենյակներում։ Մի քանի րոպեից փիսոն պետք է հանդարտվի և տեղավոորվի կա՛մ իր անկողնում, կա՛մ նմանատիպ մեկ այլ վայրում։ Տան տարբեր հատվածներում խաղալիքներ կամ անուշեղեն թաքցնելը , պատշգամբի դուռը բաց թողնելը կնպաստի, որ փիսոն մենակ եղած ընթացքում չձանձրանա։